Քոչարյանին կալանավորելու՝ Վերաքննիչի որոշումը պաշտպանները բողոքարկել են․ առաջիկայում նաև գրավի միջնորդություն կներկայացնեն - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանին կալանավորելու՝ Վերաքննիչի որոշումը պաշտպանները բողոքարկել են․ առաջիկայում նաև գրավի միջնորդություն կներկայացնեն

2018-12-26 16:28 , Право, 1551

Քոչարյանին կալանավորելու՝ Վերաքննիչի որոշումը պաշտպանները բողոքարկել են․ առաջիկայում նաև գրավի միջնորդություն կներկայացնեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Այդ մասին հայտնում է պաշտպանական թիմը՝ նշելով, որ վճռաբեկ բողոքը բաղկացած է 107 էջից:

«Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:

Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար»,-մանրամասնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Лента

Рекомендуем посмотреть