«Հայաստանը հավաքական միայնության մեջ է». «Կոմմերսանտ»-ը ի չիք է դարձնում հայկական կողմի պնդումները - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը հավաքական միայնության մեջ է». «Կոմմերսանտ»-ը ի չիք է դարձնում հայկական կողմի պնդումները

2018-12-25 18:43 , Политика, 1782

«Հայաստանը հավաքական միայնության մեջ է». «Կոմմերսանտ»-ը ի չիք է դարձնում հայկական կողմի պնդումները

ՀԱՊԿ անդամ վեց պետություններից հինգը պաշտոնապես հաստատել են իրենց աջակցությունը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այդ մասին գրում է «Կոմմերսանտ»-ը։

«Հայաստանը` հավաքական միայնության մեջ» վերնագրով նյութում նշվում է, որ իր դիրքորոշումը չի հայտնել միայն Երևանը և, որ ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրները հայտնել են, որ հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 27-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:

Հրապարակված նյութում միաժամանակ նշվում է, որ Ստանիսլավ Զասի թեկնածությանը հավանություն է տվել նաև Ռուսաստանը։

«Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին։ Կրեմլի կայքում պաշտոնական հաղորդագրություն չկա»,-նշում է հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը։

ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ Զասին նշանակելու մասին որոշման նախագիծն ուղարկվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին` անդամ պետություններում դիտարկման համար։

Նկատենք՝ Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը շարունակում են չլուծված համարել։ Դեկտեմբերի 20-ին ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, թե «Հայաստանը չի կողմնորոշվել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցում, քանի որ հարցը դեռ չի ստացել վերջնական լուծում»։

Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, երբ Հայաստանն այդ պաշտոնից հետ կանչեց իր ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին, ում մեղադրանք է առաջադրված 2008-ի մարտի 1, 2-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Այդպիսով, Խաչատուրով այդ պաշտոնում աշխատեց մեկ ու կես տարի, մինչդեռ Հայաստանի ներկայացուցչի՝ այդ պաշտոնում մնալու ժամկետը 2020 թվականն էր․ ռուսական լրատվամիջոցները գրեցին՝ «Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», թեև այս ընթացքում հայկական կողմը հակառակն է պնդում՝ բարձրաձայնելով, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի նշանակման հարցը դեռ որոշված չէ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշումը անդամ-պետությունների ղեկավարները պետք է կայացնեին դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին, սակայն Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը քննարկել աշխատանքային կարգով, հետո նոր՝ պատրաստի լուծմամբ, գնալ գագաթնաժողովի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть