Յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել արդար դատաքննությանը․Օմբուդսմենը՝ Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի մասին - RadioVan.fm

Онлайн

Յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել արդար դատաքննությանը․Օմբուդսմենը՝ Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի մասին

2018-12-25 17:56 , Право, 1568

Յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել արդար դատաքննությանը․Օմբուդսմենը՝ Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է իր դիրքորոշումը գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Օմբուդսմենի հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է․

«Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք:

1. Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, սպառնալիքներն ու անգամ բռնության կոչերը: Ավելին, դիտարկումը վկայում է, որ այդ մեկնաբանություններն ու գրառումները դրսևորում են աճի միտումներ:

2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն: Այս բարձր արժեքը երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Դա նշանակում է անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Դա նաև նշանակում է դատարանի անկախություն ու անկողմնակալ վերաբերմունք՝ անկախ քննվող գործի բնույթից կամ այդ գործով քրեական հետապնդման ենթարկվող անձի հանրային հեղինակությունից կամ նրա վարկի վերաբերյալ հանրային պատկերացումներից:

3. Դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները:

4. Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դեռևս առկա չէ գործն ըստ էության լուծող, այսինքն՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող, նրա կողմից ենթադրաբար կատարված հանցանքների մեջ նրա մեղավորության հարցը որոշող դատական ակտ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել անձի արդյունավետ դատարանի իրավունքը, ինչն էլ կլինի դատարանի անկախության խաթարման հետևանք՝ վտանգելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը:

5. Պետք է հատուկ արձանագրել, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում գործին վերաբերող ապացույցները կամ մյուս նութերը հանրության համար ունեն սահմանափակ հասանելիություն՝ ի տարբերություն նախաքննության ավարտից հետո դատարանի կողմից հրապարակայնության պայմաններում գործի ըստ էության քննության: Այս կանոնը մինչդատական փուլերում գործում է նաև այն ապացույցների ու նյութերի հասանելիության նկատմամբ, որոնք մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացնում են դատարանի քննությանը: Հետևաբար, խնդրում եմ նկատի ունենալ, որ քրեական վարույթի մինչդատական

փուլերում հանրության համար առկա չէ գործի հանգամանքների մասին ամբողջական պատկերացում կազմելու օբյեկտիվ հնարավորություն: Նշվածը բխում է քրեադատավարական գործող օրենսդրության պահանջներից:

6.Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված ատելության խոսքը, վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները:

7. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

8. Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակներ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների, դրա արդյունքում դատարանի ու փաստաբանների նկատմամբ ճնշման ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու, դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, ինչպես նաև փաստաբանների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Դա անհրաժեշտ է անել հենց այն նկատառումից ելնելով, որ նման իրավիճակները կարող են ձևավորել դատական իշխանության անկախությանը միջամտության վտանգավոր նախադեպ»:

Նշենք՝ նախորդ ուրբաթ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց փոխել 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, գեներալ Մանվել գրիգորյանի խափանման միջոցը՝ ազատ արձակելով նրան։ Դատարանի որոշումից դժգոհ մի խումբ քաղաքացիներ Գրիգորյանին կրկին կալանքի տակ առնելու պահանջով՝ այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում էջմիածնում ու Երևանում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու մեջ։ Նա կալանքի տակ էր 2018-ի հունիսի 19-ից։

Лента

Рекомендуем посмотреть