«Սանտայի գաղտնի գործակալները» մուլտֆիլմը կրկնօրինակվել է հայերենով․ ուսանողների ամանորյա նվերը՝ փոքրերին - RadioVan.fm

Онлайн

«Սանտայի գաղտնի գործակալները» մուլտֆիլմը կրկնօրինակվել է հայերենով․ ուսանողների ամանորյա նվերը՝ փոքրերին  

2018-12-25 16:27 , Культура, Шоу бизнес, 3455

«Սանտայի գաղտնի գործակալները» մուլտֆիլմը կրկնօրինակվել է հայերենով․ ուսանողների ամանորյա նվերը՝ փոքրերին

Ամանորի հրաշքներին հավատացող ու դրանց վերաբերյալ մուլտֆիլմեր սիրողներին հաճելի անակնկալ՝ Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողներից․ «Սանտայի գաղտնի գործակալները» մուլտֆիլմն արդեն հասանելի է հայերեն լեզվով։

Ամերիկյան կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը հայաֆիկացնելու գաղափարը հղացել է ապագա ռեժիսորներ Սոնայի և Ժաննայի մոտ, նրանք էլ թարգմանել են տեքստը, ապա՝ նույն քոլեջի դերասանական արվեստի բաժնի ուսանողներ Ատայի, Ռաֆֆիի և Արտյոմի հետ հնչյունավորել այն։

Թեև կատարված աշխատանքը պատանիների ուսումնառության գործընթացի մի մասնիկն է, այդուամենայնիվ, մուլֆիլմերի կրկնօրինակման գործում այն ուսանողների առաջին փորձն է։

Ինչպես «Ռադիո Վանի»-ի հետ զրույցում խոստովանեց քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը՝ անձամբ շատ ոգևորված է արդյունքից։

«504 ուսանող ունենք՝ բոլորին էլ ոգևորում ենք, մի մասը ոգևորվում է, մի մասը՝ ոչ։ Բայց սա այն դեպքն է, երբ ինքս եմ շատ ոգևորված արդյունքից, քանի որ մտահղացումը, տեքստային թարգմանությունը, ձայնագրությունը արել են ուսանողներն իրենք, քոլեջը միայն մթնոլորտ և պայմաններ է ապահովել»,-նշեց տնօրենը։

Պատանիների աշխատանքով ոգևորված են նաև ծնողները: Սոնայի մայրը՝ Կարինե Մանուկյան-Սարիբեկյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորությամբ։

«Առաջին փորձն է, ու կարծում եմ, ստացվել է: Ապրեք, երեխեք ջան։

Հ.Գ Մտածում եմ՝ վերջը էս երեխեքը քոլեջում հեռուստակինոմեդիակենտրոն են բացելու՝ իրենց տնօերնի բարձր հովանու ներքո: Paruyr Santrosyan ջան, իսկապես ուրախ և շնորհակալ եմ, որ երեխեքը մասնագիտական գործով զբաղվելու միջավայր և ոգևորություն ունեն»,-գրել է նա:

Ուսանողների աշխատանքը արժանացել է նաև ոլորտի արհեստավարժների դրական արձագանքին։ Դերասաններ Սամվել Դանիելյանը, Տաթև Ղազարյանը մուլտֆիլմին ուղեկցող մեկնաբանություններում գրել են․ «Ապրեք, երեխեք ջան», «Շատ ապրեն, հրաշալի էր»։

Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջը հիմնադրվել է 2007 թվականին՝ նախկին Էլեկտրատեխնիկական քոլեջի և նախկին թիվ 2 արհեստագործական ուսումնարանի միաձուլման արդյունքում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть