Онлайн

«Վիճակը վատ է. 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու»․ Հրանտ Բագրատյանը վերլուծել է ցուցանիշները

2018-12-21 13:12 , Экономика, финансы, 343

«Վիճակը վատ է. 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու»․ Հրանտ Բագրատյանը վերլուծել է ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը վերլուծել է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները՝ արձանագրելով՝ օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է ու 2019-ի առաջիկա ամիսներին վիճակն էլ ավելի է վատանալու։

Հրանտ Բագրատյանի վերլուծությունն ամբողջությամբ՝ ստորև․

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ՝ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։ Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին (այսինքն՝ մինչև հեղափոխությունը)՝ 9.7%։ Վատացել է նաև տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես խաղերի, լոտոների, կազինոների և այլն տեսակարար կշիռը։ Վարչապետի ու կառավարության անդամների (պաշտոնակատարների) ասածները առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ իննովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի։ Տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեքվատ աճ չի գրանցվել։ 2018-ի հունվար հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1067 մլրդ դրամ (2017-ին՝ 994)։ Սակայն երբ 994-ը բազմապատկում ենք 1.06-ով (տնտեսական աճը) և գնաճով (2.7%), ապա պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին՝ 994x1.06x1.027=1082 մլրդ դրամ։ 15 մլրդ բացակայում է։

Արդունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն անկում է ապրել։ Այսինքը` ստվերը մի փոքր ավելացել է։ Ոչ մի էական հաջողության չի եղել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջեի համալրման գործում։ Այլ եկամուտները (57 մլրդ դրամ) միայն 8 մլրդ-ով են ավել եղել 2017-ի համապատասխան ցուցանիշից (49 մլրդ դրամ)։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարից փողերը ենթադրաբար այստեղ են հաշվեգրվում, ապա արդյունքը չնչին է։ Ավելին, այս հյուրանոցների կամ փողերի նվիրատվությունները պետությանը ապօրինի են։ Վաղ թե ուշ իշխանություն է փոխվելու և այս մարդիկ իրենց ունեցվածքը հետ են ուզելու։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում այս կառավարությունն արդեն նոր կոռուպցիա է հասցրել գեներացնել։ Օրինակ, կուտակայինի աննախադեպ ընդլայնումից հետո, երբ միջոցները վերցնում են 45 տարով և ներդնում 10 տարով։ Խնդիր է դարձել մարդկանց վարկերի տույժերից ազատելը։ Մի կողմ թողնենք այս խիստ կասկածելի որոշումը։ Էլ ավելի կասկածելի է դրա իրագործումը ԿԲ և առևտրային բանկերի կողմից։ Պետական հատվածի աշխատավարձերը գնաճից ավելի ցածր տեմպով են աճել։ Արտաքին առևտրի համեմատաբար աշխուժացումը, ցավոք սրտի, նորից ներմուծման հաշվին է եղել։ Բացի այդ, այս ոլորտում ԱՎԾ-ն թվերը տրամադրում է ընթացիկ գներով և հասկանալի չէ իրական աճ կա թե՝ ոչ։

Եվ այսպես, վիճակը վատ է. 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու։ Ի՞նչու։ Որովհետև ներդրումներ են պետք։ Իսկ դրա համար գոնե ԿԲ-ն չպետք է կայունացնի դրամի կուրսը և գնաճը երկիր մտնող ֆինանսական որոշ հոսքերի հաշվին։ Փոխարենը կառավարությունը պետական սեկտորի աշխատողներին է փորձում կրճատել։ Թվում է թե սա պետք է ողջունել։ Մանավանդ իմ կողմից, քանզի կրճատումից հետո էլ պետական կառավարման հատվածում աշխատողների թիվը 2 անգամ մեծ է լինելու, քան սրանից 25 տարի առաջ էր։ Բայց հարցն այն է, որ կրճատելով ոչինչ չի լուծվում։ Եթե ազատված միջոցներն ավելի անարդյունավետ են օգտագործվելու (այսօրվա դրությամբ լուրջ ծրագրեր չեմ տեսնում, վկան Իմ քայլի շատ անհաջող էկլեկտիկ նախընտրական ծրագիրն է), ավելի լավ է ոչինչ էլ չկրճատել։ Չէ որ կրճատելով աշխատողներին մենք կրճատում ենք համախառը սպառումը և էլ ավելի իջեցնում ՀՆԱ աճի տեմպը»։

Лента

Рекомендуем посмотреть