Հանրապետության գլխավոր՝ Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը կվառվեն վաղը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 19:30-ին:
Նշենք՝ 2019-ի գալուստն ազդարարող տոնածառը նոր է։ Ինչպես հայտնել էին քաղաքային իշխանությունները՝ 71 մլն դրամով գնված տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է, ունի 35+2 մետր բարձրություն՝ գագաթի հետ միասին։ Այն զարդարվել է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, փակ կլինեն Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Մելիք-Ադամյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ: