Онлайн

Լևոն Մնացականյանն ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից

2018-12-14 16:25 , Политика, 218

Լևոն Մնացականյանն ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկրում մի շարք կադրային փոփոխությունների մասին հրամանագրեր է ստորագրել։

Ըստ որոնց՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, նրան այդ պաշտոնում փոխարինելու է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից ազատված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։

Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ նորանշանակ պաշտոնյաները ներկայացվել են Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին։ Բակո Սահակյանը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և գնդապետ Ջալալ Հարությունյանի մասնագիտական ու մարդկային որակները, անցած ուղին, համոզմունք հայտնելով, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն իրենց պարտականությունները, եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ: Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Լևոն Մնացականյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար, ընդգծելով նրա մեծ ավանդը բանակաշինության, Պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում։ Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում Լևոն Մնացականյանը կշարունակի նույն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին:

Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից, նրան այդ պաշտոնում կփոխարինի ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատված Լևոն Մնացականյանը։

Արցախի նախագահի հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այդ պաշտոնում նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից ազատված Կարեն Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть