Աբոնեմենտային ծրագրի շրջանակում աշակերների համար զբոսավարի ծառայությունն անվճար է - RadioVan.fm

Онлайн

Աբոնեմենտային ծրագրի շրջանակում աշակերների համար զբոսավարի ծառայությունն անվճար է

2018-12-13 17:02 , Образование, 2290

Աբոնեմենտային ծրագրի շրջանակում աշակերների համար զբոսավարի ծառայությունն անվճար է

ՀՀ կառավարությունը 11 մլն 604 հազար դրամ կտրամադրի dasaran.am կայքին՝ դպրոցներում աբոնեմենտային ծրագրի իրականացման նպատակով։

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ նշյալ կայքում ստեղծվելու է հարթակ, որտեղ աշակերտները կարողանալու են գրանցվել ու նախապես ամրագրելով՝ այցելել թատրոններ, համերգասրահներ:

«Սրանով նախ կարողանալու ենք պատշաճ կերպով կազմակերպել այդ պրոցեսը և հստակ հասկանալու ենք, թե որտեղ են աշակերտները այցելում, որտեղ է ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, իրենք ամրագրելու են իրենց տեղերը և սրանով խուսափելու ենք կուտակումներից: Տարվա սկզբին արդեն կլինի այդ հարթակը»,-կառավարության այսօրվա նիստում նշել է նախարարի պաշտոնակատարը:

Նա հիշեցրել է, որ այս պահի դրությամբ արդեն աշակերտներն այցելում են պատկերասրահներ ու թանգարաններ, աբոնեմենտներ են բաժանվել ավելի քան 350 հազար աշակերտ։ «Այս ծրագրի շրջանակներում թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ այցելությունների թիվը տարվա կտրվածքով կավելանան 1 մլն-ով»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

«Սրանով յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետբյուջեի աջակցությամբ պետք է այցելի թատրոն, թանգարան և համերգասրահ։ Դրա համար հատկացրել ենք 400 մլն դրամ, ինչը նշանակում է, որ 400 մլն դրամով հավելյալ ֆինանսավորում ենք մշակույթը»,-պարզաբանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ՝ թանգարաններում և պատկերասրահներում աշակերտերի համար նաև զբոսավարի ծառայություն է նախատեսված։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը շեշտել է՝ հանձնարարական է տվել, որպեսզի զբոսավարի համար լրացուցիչ գումար չգանձեն:

Հիշեցնենք՝ հանրակարթական դպրոցների աշակերտների համար աբոնեմենտային ծրագրի ներդրման մասին հայտարարվեց այս տարվա օգոստոսի 16-ին։

«ՀՀ ողջ տարածքի 1-12-րդ դասարանցիների համար կներդրվի աբոնեմենտային համակարգ, որի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա մեկ անգամ անվճար այցելել երեքական մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն»,-ազդարարելով համատեղ ծրագրի մեկնարկի մասին՝ նշել էին կրթական և մշակութային գերատեսչությունների պատասխանատուներ Արայիկ Հարությունյանը և Լիլիթ Մակունցը՝ կարևորևորելով 30 տարի անց հանրապետության ողջ տարածքում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը։


Лента

Рекомендуем посмотреть