Բարեգթություն դրսևորեք․ 10 000 դրամ գողանալու համար դատապարտված կնոջ որդու ծառայակիցները դիմում են Նիկոլ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Բարեգթություն դրսևորեք․ 10 000 դրամ գողանալու համար դատապարտված կնոջ որդու ծառայակիցները դիմում են Նիկոլ Փաշինյանին

2018-12-12 14:08 , Общество, 1444

Բարեգթություն դրսևորեք․ 10 000 դրամ գողանալու համար դատապարտված կնոջ որդու ծառայակիցները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Մի խումբ զինծառայողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով նրա միջամտությունը իրենց ծառայակից ընկերոջ մորը՝ Հասմիկ Սարգսյանին ներում շնորհելու հարցում:

Հիշեցնենք՝ 4 երեխաների, այդ թվում՝ երեք անչափահասի մայր, 37-ամյա Հասմիկ Սարգսյանը 10 000 դրամ գողանալու մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Նրա որդու ծառայակից ընկերներն, ահա, Փաշինյանին ուղղված նամակում նշում են, որ «անգամ չեն պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող իրենց ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը»։

«Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին»,-նշում են զինվորներն իրենց նամակում՝ միաժամանակ ընդգծելով, որ Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ, պարզապես, կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։

Նշենք, ավելի վաղ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների պահանջին՝ ընդունելու Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը՝ ընդգծել էր՝ կա դատավճիռ, որը կատարման ենթակա է։

«Այսպես, 2015 և 2016 թվականներին Հասմիկ Սարգսյանը ազատազրկման է դատապարտվել գողությունների համար, որոնք կատարվել են բնակարան ապօրինի մուտք գործելով:

Առաջին արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի երեք ամիս ժամկետով, սակայն դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Երկրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել էր գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Այս արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը կրկին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Բնակարան ապօրինի մուտք գործելով երրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել է նորից գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Ուստի, տրամաբանական է, որ վերոնշյալ արարքի վերաբերյալ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված դատավճռում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Հասմիկ Սարգսյանը «նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը և դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը և 6 տարի ժամկետով ազատազրկմանը գումարել նախորդ երկու հանցագործությունների համար նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած ազատազրկման ձևով պատիժներից երեքական ամիսներ՝ այդպիսով վերջնական պատիժ սահմանելով 6 տարի 6 ամիսը։

Վերաքննիչ քրեական դատարանը ևս, հաշվի առնելով ռեցիդիվը, չի բեկանել դատավճիռը և ուժի մեջ է թողել պատիժը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Սարգսյանը կամովին հատուցել է վնասն ամբողջությամբ, հղի է, վատառողջ է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են իր խնամքին, իսկ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով:

Իհարկե, բոլորս ենք ցավում, որ անչափահասները մնացել են առանց մոր խնամքի, բոլորս ենք ցավում, որ մեր երկիրը դեռ չի կարողանում արժանապատիվ աշխատավարձով աշխատանք ապահովել, բայց չէ՞ որ Հասմիկ Սարգսյանի կողմից գողացված այդ գումարներն ու սնունդը այդ ընտանիքների ու նրանց երեխաների միակ ապրուստի միջոցն էին: Հարց է առաջանում՝ աղքատությամբ արդարացված գողության արդյունքում ամբողջ ամսվա ապրուստից զրկված քաղաքացիները գուցե և՞ս պետք է գողություն անեին...

Ինչևէ, կա դատավճիռ, որը կատարման ենթակա է, իսկ ներման խնդրագրի միջնորդությունը ինչպես ասեցի, համապատասխան ընթացք կստանա»,-մասնավորապես հստակեցրել էր ՀՀ արդարատադության նախարարի պաշտոնակատարը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть