«Դու մի ասա հայերը սիրում են էքստրիմ». Yell Extreme Park-ը` ծննդյան հաշվետվությամբ - RadioVan.fm

Онлайн

«Դու մի ասա հայերը սիրում են էքստրիմ». Yell Extreme Park-ը` ծննդյան հաշվետվությամբ

2017-08-21 20:50 , Общество, 3435

«Դու մի ասա հայերը սիրում են էքստրիմ». Yell Extreme Park-ը` ծննդյան հաշվետվությամբ

ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում հանգստյան օրերը տոնական էին. «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի ծննդյան երկուամյակը մեկ վայրում էր համախմբել էստրեմալ տուրիզմի և, առհասարակ, բնության գրկում հանգստի սիրահարներին: Թռիչք զիփյալնով, սեղանի խաղեր, գլուխկոտրուկներ, ձիավարություն, զորբինգ, տոնական շոու ծրագիր, գիշերակաց վրաններում. ամեն ինչ կազմակերպված էր այնպես, որ որևէ մեկը ձանձրանալու առիթ չունենա:

«Յելլ Էքստրիմ Պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը հիշում է` մեկամյակը տոնել էին թե՛ եղանակային և, թե՛ տեղանքային անբարենպաստ պայմաններում. անձրև, ցեխ, մառախուղ և մինչ այդ օրը նախանշված ծրագրեր, որոնք չէին հասցրել իրականացնել, իսկ այսօր` մեկ տարի անց, թիմի անխոնջ աշխատանքի արդյունքում բոլոր հյուրերի համար ստեղծված է բավականաչափ հարմարավետ միջավայր` բնության վայելքը համադրելու էքստրեմալ ժամանցի հետ:


«Սկսելով զիփլայնով, աստիճանաբար ընդլայնեցինք մեր ծառայությունները: Փորձեցինք ցույց տալ, որ հնարավոր է ստեղծել աշխատանք այնտեղ, որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ: Այս ընթացքում շատ փոփոխություններ ենք իրականացրել պարկի ներսում. զիփլայնի տարածքում բարելավվել են արահետները, ավելացվել են առաջին բուժօգնության տուփեր»,-խոսելով արվածի մասին` ասում է Չիբուխչյանը` ժպիտով հիշելով, որ գործունեության մեկնարկին բավականաչափ ռեսուրսներ ուղղել էին միայն բացատրելուն, թե ինչ է զիփլայնը. «Դու մի ասա հայերը սիրում են էքստրիմ, դու մի ասա ադրենալինը լավ բան ա. մեզ դա հաջողվել է»,-հավելում է նա:

Թիմը, սակայն, ստեղծածով չի սահմանափկվում, անելիքները շատ են, համայնքային զարգացման առաջիկա տարիների ծրագրերը` նախանշված. «Տեղանքը թույլ է տալիս խենթ գաղափարներ իրագործել»,-ասում է դրանցով տոգորված Տիգրանը` նշելով, որ առաջիկայում տարածքում նոր ու հետաքրքիր ատրակցիոններ կհիմնվեն, ժայռամագլցման ուղիները 4-ից կհասցվեն 10-12-ի, սեպտեմբերին կկայանա համայնքի ֆրանսիական թաղամասի բացումը, և, իհարկե, իրականություն կդառնա մեգանախագիծը` աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը:


«Նախնական նախատեսված 2680 մետր երկարությունն այժմ, կետերի փորձարկման արդյունքում, դարձել է 2770 մետր, որն իր հերթին նոր ճարտարապետական խնդիրներ է բերել: Այսինքն այն աշխատանքը, որը կատարել էինք մինչև օրս, նորից պետք է իրականացնենք»,-նշում է Տիգրան Չիբուխչյանը` վստահեցնելով, որ չնայած առաջ եկած նոր խնդիրներին` կհասցնեն այն շահագործման հանձնել 2018 թվականին:

«Նոր ծրագրերի իրագործման արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կմեծանա նաև այցելուների քանակը: Եթե այս տարի նախատեսված է հյուրընկալել 15 000 զբոսաշրջիկի, ապա հաջորդ տարի այդ թիվը պլանավորում ենք հասցնել 30 000-ի և, նկատի ունենալով փաստը, որ համայնքն ունի 620 բնակիչ` հավելյալ աշխատուժ է հարկավոր լինելու»,-ասում է Չիբուխչյանը` ընդգծելով, որ արդենիսկ հոգ են տարել որակյալ մասնագետներ ունենալու հարցի լուծման մասին: Դիլիջանի պետական քոլեջի հետ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական այդ օղակում այս ուսումնական տարվանից կներդվեն խոհարարների, մատուցողների, զբոսավարների, ուղեկցորդների վերապատրաստման նոր կարճաժամկետ դասընթացներ: «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրները նույնիսկ պատրաստ են կրթաթոշակ տրամադրել սովորողներին:

Տիգրան Չիբուխչյանն այս տարիների ձեռքբերումներից է համարում այն, որ Ենոքավան համայնքում կարողացել են ստեղծել պայմաններ, որպեսզի համայնքի բնակիչները ցանկանան մնալ ու աշխատել հենց այդտեղ` գիտակցումով, որ պետք է աշխատաշուկայում լինեն մրցունակ մասնագետներ:

«Եթե տարիներ առաջ Ենոքավանի ապագան ոչ ոք չէր տեսնում, ապա այսօր գյուղը զարգացում է ապրում, ներգաղթ կա, գյուղացիները վաղվա օրվա նկատմամբ հավատ ունեն»,-ասում է արմատներվ ենոքավանցի Տիգրանը` ընդգծելով, որ ներկայում «Ենոքավանի զարգացման հիմնադրամն» է նաև փորձում իմի բերել համայնքում առկա խնդիրները, լուծումներ տալ դրանց: Քննարկվում է նաև կառավարության մասնակցության ձևաչափը` նախանշված ծրագրերի իրականացման գործում:

«Յելլ Էքստրիմ Պարկ» նախագծի հեղիանակն ընդգծում է` արվում է ամեն ինչ, որպեսզի Ենոքավանի զարգացմամբ ներշնչվեն նաև մյուս համայնքները, կարևորն այն է, որ այդ համայնքը դառնա դրական ինֆորմացիայի սփռման կենտրոն:

«Յելլ էքստրիմ Պարկ» նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական և ռելիեֆային դիրքով ու կառուցվածքով ամենահամապատասխան գոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:


Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային և էքստրեմալ զբոսաշրջությունը` դառնալով տարածաշրջանում խոշորագույնը:

Նպատակն է նաև ահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը:

Այժմ արդեն ակտիվ հանգստի սիրահարները հանարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկում» կազմակերպել իրենց ժամանցը՝ օգտվելով էքստրեմալ սպորտի և ակտիվ հանգստի հետևյալ տեսակներից՝ Զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփպարկ (Rope Park), քառանիվ մեքնայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), լեռնահեծանվավազք (Mountain Biking), փեյնթբոլ (Paintball), ձիով արշավներ(Horseback Riding), ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր (Rest Area/ Board Games):

Лента

Рекомендуем посмотреть