Բաբլոյանը հորդորում է «ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման հանել նախընտրական ելույթների և բանավեճերի բառամթերքից» - RadioVan.fm

Онлайн

Բաբլոյանը հորդորում է «ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման հանել նախընտրական ելույթների և բանավեճերի բառամթերքից»

2018-11-28 16:41 , Политика, 1132

Բաբլոյանը հորդորում է «ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման հանել նախընտրական ելույթների և բանավեճերի բառամթերքից»

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով:

Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվումեն բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը:

Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սեւեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին:

Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից:

Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին:

Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է»:

Лента

Рекомендуем посмотреть