Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` արտահայտելով իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը։
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց նոր վերաքննիչ քննության՝ Արթուր Դավթյանն ընդգծել է՝ «Արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և այն մոտեցումը, որ Հայաստանի երկրորդ նախագահը, փաստորեն, օժտված է անձեռնմխելիությամբ, իսկնրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող,Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել»:
«Այսինքն, օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,-մանրամասնել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 28-ից երկամսյա կալանքի տակ էր։ Վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ, Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձեռնմխելիության հիմքով փոխվեց․ պաշտպանական կողմին հաջողվեց ազատ արձակել նրան։
Քոչարյանի պաշտպանական թիմը, անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը