Հիշե՛ք՝ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան․ նախագահ Սարգսյանը՝ քարոզարշավի մեկնարկի առթիվ - RadioVan.fm

Онлайн

Հիշե՛ք՝ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան․ նախագահ Սարգսյանը՝ քարոզարշավի մեկնարկի առթիվ

2018-11-26 12:48 , Политика, 1132

Հիշե՛ք՝ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան․ նախագահ Սարգսյանը՝ քարոզարշավի մեկնարկի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․

«Սիրելի՛ hայրենակիցներ,

Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը:

Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով:

Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։

Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:

Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ։

Գալիք ընտրություններում հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միավորներին:

Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան:

Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»:

Նշենք՝ այսօր մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տևելու է 12 օր՝ եզրափակվելով դեկտեմբերի 7-ին։ Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Лента

Рекомендуем посмотреть