Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացմանպահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսվածսարքավորումները:
«ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում և ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ և այլ պարագաներ: Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաև շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որնախատեսվել ենիրացման համար»,-հայտնում են ԱԱԾ մամլո ծառայությունից՝ նշելով, որ քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ: