«Պետք է փորձել երկրի ներքին սոցիալ-տնտեսական վիճակը փոխել, ոչ թե ամեն տեղ հարկեր ավելացնել։ Հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել կամ, այս պահի դրությամբ երևի տեղին կարելի է ասել՝ հորինելը անտեղի եմ համարում»,-այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով տրանսֆերները հարկելու՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մտադրությանը։
Նշենք՝ ՊԵԿ-ը ցանկանում է 2020 թվականից շրջանառության մեջ դնել մեխանիզմ, ըստ որի հարկային դաշտ կբերի արտագնա աշխատանքի մեկնածներին․ դրսից եկամուտ ստացող քաղաքացին կպարտավորվի այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ, վճարել պետությանը:
Տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ը ակնկալում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը:
Նմանօրինակ օերնսդրական փոփոխություններ, նշենք, տարիներ առաջ կատարվել են․ 2015-ի մայիսի 7-ին, ՀՀ Ազգային ժողովը ձայների 68 կողմ, 14 դեմ և 17 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Խոպանչիների օրենք» անվանումը ստացած՝«Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությամբ՝ 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանվեց այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում (շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ) ՀՀ տարածքից դուրս։
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ էլ ամրագրվեց, որ արտերկրում շինարարական աշխատանքների կատարելու մտադրություն ունեցող գործատուները, որոնց ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, պետք է 5 տոկոս շահութահարկ վճարեն:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը