Այսօր պատգամավորն ակնկալում է ոչ թե օժանդակություն համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում՝ ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում․ Արա Սաղաթելյան - RadioVan.fm

Онлайн

Այսօր պատգամավորն ակնկալում է ոչ թե օժանդակություն համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում՝ ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում․ Արա Սաղաթելյան

2018-11-16 17:12 , Политика, 1231

Այսօր պատգամավորն ակնկալում է ոչ թե օժանդակություն համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում՝ ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում․ Արա Սաղաթելյան

«Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում»,-այդ մասին Կիևում նոյեմբերի 13-15-ը անցկացված միջազգային համաժողովին (համաժողովը նվիրված է եղել Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը-խմբ․) իր ելույթում հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

«Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձևավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթև անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների և պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթևը, ոչ խորը, պարզը ու ամենակարևորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլևս պարտադիր ուզում է նաև դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին»,-ասել է Արա Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի՝ խորհրդարանական համակարգին անցումը հանգեցրել է գործող Ազգային ժողովի պատասխանատվության բեռի ավելացմանը, ինչն էլ լայնածավալ բարեփոխումները, այդ թվում՝ աշխատակազմում, դարձրել է անհրաժեշտ և անխուսափելի։

ԱԺ աշխատակազմի ղեկավարը միաժամանակ ցավով արձանագրել է, որ բարեփոխումների գործընթացը հարթ և միատարր չէ, և հաճախ ծագում են մի շարք խնդիրներ ու մարտահարվերներ, որոնք որոշակիորեն դանդաղեցնում են բուն գործընթացը:

«Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների սկզբնական փուլում հանդիպող մեծագույն խնդիրը խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքի ռացիոնալացումն ու դրա համապատասխանեցումն է փոփոխվող քաղաքական պահանջներին և սոցիալ-տնտեսական պայմաններին, ինչպես նաև՝ խորհրդարանականների ու հանրության ակնկալիքներին: Այս փուլում, որպես կանոն, դրսևորվում է ներքին դիմադրություն բարեփոխումն իրականացնողների և այն աշխատակիցների միջև, ովքեր չեն ցանկանում դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» և դժվարություններ են ունենում նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հարցում: Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ աշխատակազմի ոչ լիարժեք համակարգման, գործառույթների կրկնման և այլնի տեսքով, որոնք պետք է լուծել իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Մեկ այլ կարևոր խնդիր է կադրերի կոմպետենտության և բարձրորակ փորձագետների ներգրավվածության հարցը: Հաշվի առնելով բյուջետային միջոցների անբավարարությունը՝ դժվար է մրցակցել մասնավոր հատվածի հետ: Պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նախընտրում են հենց մասնավոր հատվածում աշխատել, քանի որ լավ մասնագետը աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն է պահանջում»,-նշել է Սաղաթելյանը։

Նոյեմբերի 13-15-ը Կիևում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին մասնակիցները քննարկել են Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարևորության, ինչպես նաև բարձրագույն վերաքննիչ հաստատությունների և խորհրդարանների միջև ավելի ամուր համագործակցության հարցերը:

Лента

Рекомендуем посмотреть