Նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումն արգելելու Ուրիխանյանի առաջարկը կառավարությունը մերժել է - RadioVan.fm

Онлайн

Նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումն արգելելու Ուրիխանյանի առաջարկը կառավարությունը մերժել է

2018-11-15 15:09 , Политика, 1433

Նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումն արգելելու Ուրիխանյանի առաջարկը կառավարությունը մերժել է

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծն այսօր կառավարության նիստում բացասական եզրակացություն է ստացել։ Հիշեցնենք՝ պատգամավորն առաջարկում էր Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը՝ դրանով առաջարկելով բացառել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:

«Սահմանադրության 35 հոդվածի առաջին մասով արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը»,-գործադիրի նիստում պարզաբանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը:

«Հիմա ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են զագս ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանք, կա՞ արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը գրանցվի»,-հստակեցնող հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան փոխնախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ օրենքով նման հնարավորություն չկա, Սահմանադրության 35-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով կառավարությունը մերժել է Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունները:

Лента

Рекомендуем посмотреть