Եվրամիությունը կաջակցի ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը կաջակցի ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

2018-11-14 15:20 , Право, 1486

Եվրամիությունը կաջակցի ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները համաձայնել են աջակցություն տրամադրել Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ աջակցության խնդրանքով պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությունը։

Նշյալ երկրները, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն կհատկացնեն՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի իրականացման համար։ Ծրագրին դրամական օժանդակություն կցուցաբերի նաև ՀՀ կառավարությունը՝ հատկացնելով 700 հազար դոլար։

Ծրագրի մեկնարկը տրվել է այսօր կառավարությունում՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի կողմից փաստաթղթի ստորագրմամբ։

Ծրագիրը նպատակ ունի ապահովել 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրն ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը՝ 2000 ընտրատեղամասերից շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրացնման գործընթացն ու ընտրողների իրազեկումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման և գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ-ին աջակցելու միջոցով նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց ու երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՀ-ում կայանալու են դեկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք՝ հուլիսին բրյուսելյան այցի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության առաջարկած բանաձևը՝ այն է Արևելյան գործընկերության երկրների հետ «ավելին ավելիի» դիմաց բանաձևով հարաբերվելը, ինչը ենթադրում է հավատարմություն հռչակված արժեքներին՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, արդար դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, չի աշխատում հենց Եվրամիության քաղաքականության համար։

Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընդգծել էր, թե երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով:

Лента

Рекомендуем посмотреть