«Երբ ասում ենք, որ աշխատանքը խրախուսում ենք, շատերը մեզ փորձում են մեղադրել, թե մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության և չաշխատելու մեջ: Քավ լիցի, այդ մասին, ըստ էության, ես խոսել եմ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո արդեն երևի տասնյակ անգամ:
Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Ե՛վ մոնոպոլիաներով, և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո սահմանափակումներով, ըստ էության, նրանք որոշակի խրախուսել են աղքատությունը, որովհետև մարդուն ասել են՝ դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, ավելի լավ է մի աշխատի, որովհետև հենց աշխատես, մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք»,-այդ մասին այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքականությունն ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն՝ պայմանով, որ եթե նա աշխատի, այդ նպաստից զրկվելու է, այլ պետք է ավելի թիրախային այդ օգնությունը, աջակցությունը տրամադրեն, օրինակ, երեխային:
«Այսինքն՝ նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ շահառուն պետք է լինի երեխան, որն օբյեկտիվորեն, մենք գիտենք, ինքը ունի տարիք, երեխա է և ունի սոցիալական աջակցության կարիք: Մենք պետք է նրան օգնենք և չդնենք պայման՝ եթե քո հայրը աշխատի, մենք քեզ կզրկենք այդ օգնությունից, եթե քո հայրը չի աշխատի, մենք քեզ նոր այդ օգնությունը կտանք: Եթե քո հայրը անասնագլխաքանակ կունենա, մենք քեզ այդ օգնությունը չենք տա, եթե քո հայրը կամ մայրը չեն ունենա անասնագլխաքանակ, մենք կկտրենք: Մենք ասում ենք, որ պետք է տալ այդ օգնությունը հասցեական՝ թոշակառուին, անաշխատունակ մարդուն, երեխային, որպեսզի մենք իսկապես օգնենք այդ ընտանիքին և ոչ թե այդ ընտանիքին դատապարտենք մշտական աղքատության»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իր կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը:
«Մենք մեր քաղաքացիներին քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ, այո, իրենք կարող են արդյունք ստեղծել: Մենք մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք, քաջալերենք, որ նրանք իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն և ձեռնարկեն կոնկրետ քայլեր այդ վիճակը հաղթահարելու համար՝ իհարկե, ստանձնելով և ճանաչելով կառավարության պարտավորությունը որոշակի ճանապարհ և հնարավորություններ ստեղծելու համար այդ քաղաքացիների համար»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում․