Հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց և կազդի նրանց որոշման վրա»,-երեկ Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշին ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ խոսելով իր նախաձեռնությամբ մեկնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին։
«Ես առաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն և որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելու ճանապարհին զերծ մնալ զենքի և ուժի կիրառումից և օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հարցի կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանի շուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթ մայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց և կազդի նրանց որոշման վրա»,- Աննա Հակոբյանի խոսնակ Արփինե Զարգարյանի փոխանցմամբ ասել է տիկին Հակոբյանը, ով ներկաներին պատմել է արշավի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին ռուսաստանցի մի խումբ ականավոր մտավորականների՝ Հայաստան և Արցախ կատարած այցի մասին՝ ընդգծելով, որ այդ արշավի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը մի խումբ ռուս մտավորականների հետ Արցախ՝ սահմանագիծ էր մեկնել հոկտեմբերի 7-ին՝ խաղաղության ուղերձ հղելու հակամարտության կողմերին։
Այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց Աննա Հակոբյանի հետ Արցախ մեկնած օտարերկրացի կանանց իր «սև ցուցակում» ներառելու մասին։Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Սվետլանա Ժուրովան, «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերը, արձակագիր Լյուդմիլա Ուլիցկայան, լրագրողներ Կատերինա Գորդեևան, Կիրա Ալտմանը։