Հետևել վարորդների՝ պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը. Հայկ Մարությանի հանձնարարականը - RadioVan.fm

Онлайн

Հետևել վարորդների՝ պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը. Հայկ Մարությանի հանձնարարականը

2018-11-05 16:18 , Общество, 1263

Հետևել վարորդների՝ պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը. Հայկ Մարությանի հանձնարարականը

Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղարին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում, և եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին: Զեկուցվել է նաև, որ ամփոփման փուլում է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրի մրցույթը:

Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է բարձրացնել հանրության շրջանում իրազեկվածության մակարդակը, իսկշինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին ուղղորդել բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի վերանորոգման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքները: Անդրադառնալով վթարային պատշգամբների խնդրին՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հիշեցրել է, որ, որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն որպես բարի կամքի դրսևորում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ամեն տարի միջոցներ են հատկացվոմ այս ծրագիրն իրականացնելու համար: Սակայն լինում են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվում կամ թույլ չեն տալիս իրականացնել նորոգումը՝ վտանգելով բնակիչների ու անցորդների անվտանգությունը: Խնդրի առնչությամբ քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանատուներին հանձնարարել է համատիրությունների հետ համատեղ բացատրական աշխատանքներ տանել բնակիչների հետ՝ հիշեցնելով, որ այդ գործառույթը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է, հետևաբար հետագա ողջ պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը:

Խորհրդակցության ժամանակ Հայկ Մարությանն անդրադարձել է նա քաղաքային տրանսպորտի սպասարկման խնդիրներին՝ ուղևորափոխադրող ընկերությունների առջև մեկ անգամ ևս պահանջ դնելով հետևել վարորդների պատշաճ տեսքով աշխատանքի ներկայանալուն, ուղերթի ընթացքում ծխելու դեպքերի բացառմանը և շարժակազմի անխափան շահագործմանը:

Лента

Рекомендуем посмотреть