Արցախում առաջին էլեկտրամոբիլը կներկրվի․ նախաձեռնությունը նախկին պետնախարարինն է - RadioVan.fm

Онлайн

Արցախում առաջին էլեկտրամոբիլը կներկրվի․ նախաձեռնությունը նախկին պետնախարարինն է

2018-10-25 15:31 , Общество, 1263

Արցախում առաջին էլեկտրամոբիլը կներկրվի․ նախաձեռնությունը նախկին պետնախարարինն է

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար/վարչապետ, այժմ Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ներկրել առաջին Էլեկտրամոբիլը։

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պատրաստվում է քննարկման առարկա դարձնել էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու հարցը։

Արցախի նախագահի խորհրդականը տեղեկացնելով, որ շահագործման է հանձնվել երկու փոքր ՀԷԿ-եր, ինչը Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից բարձրացնելու և էլեկտրաէներգիան նաև ոչ ավանդական ուղղություններում օգտագործելի հնարավորություն է, գրում է, որ հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները՝ ժամանակն է, որ իրենք էլ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։

«Որպես օրինակ նշեմ, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարեց կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից և մաքսազերծումից: Եվրոպական շատ երկրներում ևս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է և քիչ ծախսատար:

Իսկ վերջում ավելացնեմ, որ Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում եմ նախևառաջ հանդես գալ սեփական օրինակով և ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաև, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն մեր ծրագրային օրակարգում»,-գրել է Արայիկ Հարությունյանը։

Лента

Рекомендуем посмотреть