Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերսկսի աշխատանքները և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի: Նախօրեին կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքներով էլ ձեռք է բերվել նշյալ համաձայնությունը։
Կառավարության և գործարանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած բանակցությունների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Հիշեցնենք, այս ամսվա սկզբում Ընկերությունը կառավարության առջև պահանջ էր դրել արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5 600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 000 տոննա՝ թույլատրելի նորմը գերազանցելով յոթ անգամ, ինչպես նաև ներելբնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ արձանագրած 387 միլիոն դրամ տուգանքը: Սակայն օրեր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, 600 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունը հայտարարեց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելու մասին։ Գործազրկության շեմին հայտնված գործարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, այդ օրը փակել էին և տևական ժամանակ կաթվածահար էին արել դեպի Վրաստան տանող մայրուղին։
Խնդրով վարչապետի պաշտոնակատարին էր դիմել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով «հանձնարարել անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել»:
Երեկ «Վալլեքս» ընկերությունը հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները: Միաժամանակ տեղեկացվեց, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման նպատակով ՎՏԲ բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց Բանկը պահանջել է գրավադրել իր վարկի գծով այլ երաշխավորությունների հետ մեկտեղ նաև «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը։
Հիշեցնենք՝ մեկուկես ամիս առաջ ՎՏԲ բանկին է անցել նույն ընկերությունների խմբին պատկանող Թեղուտի հանքավայրը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը