Christie's աճուրդային տունը վաճառքի է հանելու տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի անձնական իրերը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ աճուրդում ներկայացվելու է 22 իր, այդ թվում գիտնականի հաշմանդամի սայլակներից մեկն ու դոկտորական թեզը։
Դոկտորական թեզի կրկնօրինակներից մեկը գնահատվել է 130 հազարից 195 հազար դոլար, սայլակի նախնական գինը 13-19,5 հազար դոլար է։
Հոքինգի դուստրը նշել է, որ աճուրդի միջոցով գիտնականի երկրպագուները հնարավորություն կստանան ձեռք բերել մասունքները, որոնք կհիշեցնեն ֆիզիկոս-տեսաբանի անսովոր կյանքի մասին։
Սթիվեն Հոքինգը տեսաբան-ֆիզիկոս էր: Նա զբաղվում էր տիեզերաբանական սինգուլյարության՝ տիեզերքի նախնական վիճակի հետազոտմամբ: Ունենալով հազվագյուտ հիվանդություն՝ ALS՝ առավել հայտնի որպես Լու Գեհրիգի հիվանդություն, գիտնականն ակտիվ կյանք է վարել՝ զբաղվել գիտությամբ, դասավանդել, հանդես եկել զեկույցներով՝ աշխարհի հետ շփվելով խոսքի համակարգչային սինթեզատորով:
Աշխարհահռչակ ֆիզիկոսը մահացել է Քեմբրիջի իր տանը մարտի 14-ին, 76 տարեկանում: Նրա աճյունն ամփոփված է Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չառլզ Դարվինի գերեզմանների հարևանությամբ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը