Հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել Կերչի ողբերգության զոհերին - RadioVan.fm

Онлайн

Հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել Կերչի ողբերգության զոհերին

2018-10-19 17:31 , Мир, 1826

Հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել Կերչի ողբերգության զոհերին

Կերչի գլխավոր հրապարակում Ղրիմի հազարավոր քաղաքացիներ այսօր հրաժեշտ են տվել տեղի պոլիտեխնիկական քոլեջում կատարված ողբերգության 21 զոհերից 17-ին, մյուսները հողին կհանձնվեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս:

Հրաժեշտի արարողությանը, որը հեռարձակվել է տեղի հեռուստաընկերություններով, ներկա են եղել նաև Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:

Հարձակման հեղինակի՝ Վլադիսլավ Ռոսլյակովի հուղարկավորությունը, նշվում է, առանձին կանցկացվի։ Նրա ազգականները դեռ չեն դիմել մարմինը ստանալու համար․ «Интерфакс»-ին ասել է Կերչի վարչակազմի ներկայացուցիչը:

«Այս ողբերգությունը մեր կյանքը, մեր քաղաքի կյանքը բաժանեց «մինչևի» և «հետոյի»: Այն, ինչը լինելու է «հետո», կախված է մեզանից: Մենք պետք է միավորվենք, օգնենք հարազատներին՝ վերապրելու այս ահավոր ողբերգությունը: Ղրիմցինե՛ր, մենք պետք է միասին լինենք»,-ասել է քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Կերչի պոլիտեխնիկական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո հրացանից կրակ բացել ներկաների վրա, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել 5 տասնյակը։Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:

Դեպքի առիթով հետաքննություն իրականացնող մարմինից հայտնել են, որ հրաձիգը ողբերգության օրը ուսումնական հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ սպիտակ շապիկով։

Ռոսլյակովի հայրը որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть