Քոչարյանի պաշտպանական կողմը դիմելու է Եվրադատարան - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի պաշտպանական կողմը դիմելու է Եվրադատարան

2018-10-19 16:44 , Право, 1729

Քոչարյանի պաշտպանական կողմը դիմելու է Եվրադատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Քոչարյանի փաստաբաններն այս փուլում գանգատի բովանդակության մասին մանրամասներ հաղորդել չեն ցանկանում։

«Խնդիրները, որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Ինչը նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չեն»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական դատարան դիմելը կապ չունի կալանքի գործընթացի հետ, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացված, և այն ընդունվել է վարույթ:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1, 2-ին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 28-ից երկամսյա կալանքի տակ գտնվող Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով, փոխվեց․ պաշտպանական կողմին հաջողվեց ազատ արձակել նրան։

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին՝ նշելով, որ ներկայում ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում է նկատում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть