Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը դադարեցվել է․ աշխատակիցները փակել են միջպետական մայրուղին - RadioVan.fm

Онлайн

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը դադարեցվել է․ աշխատակիցները փակել են միջպետական մայրուղին

2018-10-19 15:02 , Общество, 1933

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը դադարեցվել է․ աշխատակիցները փակել են միջպետական մայրուղին

Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն ավելի քան 600 աշխատող ունի, այսօր դադարեցրել է աշխատանքը։

Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին։ Ի նշան բողոքի՝ նրանք փակել և արդեն մի քանի ժամ կաթվածահար են արել դեպի Վրաստան տանող մայրուղին։

Նշենք՝ «Վալլեքս» խմբի՝ ռուսաստանյան ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի դիմաց, գործարանն անցել է բանկին:

Մեկ շաբաթ առաջ գործարանում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որում գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերությունը վերջնագիր էր փոխանցել ՀՀ կառավարությանը՝ նշելով, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։

Ընկերությունը, որը բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ տուգանվել է առաջ 387 միլիոն դրամով, կառավարությունից, մասնավորապես, պահանջել էր չեղարկել տուգանքը և զգալիորեն բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։

Այս շաբաթ բանակցել էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը։ Բանակցություններից, մինչդեռ, որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգիծը, որից հետո «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը բաց նամակ էր գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ, քանի որ այդ օրն արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։

Ավելի վաղ, նշենք, գործունեությունը դադարեցրել է նաև «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Թեղուտի» հանքավայրը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть