Կերչում 20 հոգու սպանած 22-ամյա պատանու հայրը մանրամասներ է պատմել - RadioVan.fm

Онлайн

Կերչում 20 հոգու սպանած 22-ամյա պատանու հայրը մանրամասներ է պատմել

2018-10-18 14:09 , Мир, 1978

Կերչում 20 հոգու սպանած 22-ամյա պատանու հայրը մանրամասներ է պատմել

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում երեկ հարձակում իրականացրած Վլադիսլավ Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել: «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ հայրը խոստովանել է, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը, նա ոչինչ չի պատմել քոլեջում ուսման մասին, անգամ ընկերներ չի ունեցել:

Հայրը որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ: Նա պատմել է, որ իմացել է համակարգչային խաղերով ու զենքով որդու տարված լինելու մասին: Ռոսլյակովի համակուրսեցիներն էլ պատմել են, որ նա ուսման ու ուսանողների հետ խնդիր չի ունեցել, շատ հանգիստ տղա է եղել:

Հիշեցնենք՝ երեկ Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 22-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո, ականատեսների վկայությամբ, հրացանից սառնասրտորեն գնդակահարել է բոլոր պատահած անձանց, ինչից հետո ինքնասպանություն է գործել քոլեջի գրադարանում:

Ողբերգության հետևանքով մահացել է 20 մարդ, վիրավորների թիվն անցնում է 50-ից: Զոհերի թվում են քոլեջի սաներն ու աշխատակիցները:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:

Դեպքի առիթով «Ահաբեկչություն» հոդվածով հարուցված քրեական գործը վերաորակավորվել է «Սպանություն» հոդվածով:

Ղրիմում հոկտեմբերի 18-ից եռօրյա սուգ է հայտարարված:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած պայթյունի կապակցությամբ։ Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть