Փարիզում շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» երգը կհնչի նոր կատարմամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է երգի օրիգինալ տարբերակի կատարող Bratsch խմբի համահիմնադիր, կիթառահար Դեն Ղարիբյանը։
«Շուտով դուք կլսեք «Հայկական վալսը» նոր տարբերակով, որը կատարում է «Dan Gharibian Trio»-ն։ Երգը ձայնագրվել է 2017թ․-ի հունվարին»,-գրել է կիթառահարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին, երբ Փարիզում Ազգային հարգանքի տուրքի արարողությամբ վերջին հրաժեշտն էին տալիս ֆրանսահայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին, Հաշմանդամների պալատի բակում Ելիսեյան պալատի երգչախմբի անդամի կատարմամբ հնչեց հայերեն երգ, որը այնքան էլ ծանոթ չլինելով հայ հանրությանը, այդուամենայնիվ, իր հուզականությամբ ու գեղեցիկ կատարմամբ հուզեց բոլորին։ Երգը «Հայկական վալս»-ն է, որը կատարում է Ֆրանսիայում հիմնադրված Bratsch երաժշտական համույթը, որը հիմնադրվել է 1972թ․-ին կիթառահար Դեն Ղարիբյանի ու ջութակահար Բրունո Ժիրարդի կողմից, այն կազմալուծվել է 2015-ին։ Խմբի բաժանումից հետո Դեն Ղարիբյանը հիմնել է «Դեն Ղարիբյան տրիո»-ն:
Bratsch-ի երաժշտությունը բազմազան է՝ ազդված ջազից, հունական, ռուսական,հայկական ժողովրդական երաժշտությունից։
Խմբի ալբոմներում ընդգրկված են եղել «Նուբար», «Ո՜վ, սիրուն սիրուն», «Նա մի նազ ունի», «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. Հայկական վալս» և այլ երգեր:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը