Նախագահ Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

2018-10-17 12:18 , Политика, 1241

Նախագահ Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը, Հայաստանի կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր է ստորագրել:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Իր ելույթում նա ընդգծեց, որ հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, և ժողովրդի առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը, միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով:

Փաշինյանն անդրադառնալով առկա մտավախություններին, թե, եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյո՞ք իրենք պատրաստ են նման սցենարի՝ ասաց, որ հոկտեմբերի երկուսի իրադարձությունները ցույց տվեցին, որ առավել քան պատրաստ են ցանկացած սցենարի, որովհետև ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որևէ ուժ:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, խորհրդարանական ուժերի համար անկախ բոլոր հակասություններից ու տարընթերցումներից՝ մեր պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են, և նա հավատում է, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի:

Մանավանդ, որ, նշեց նա, թե ՀՀԿ, թե Ծառուկյան դաշինք, թե ՀՅԴ խմբակցությունները հրապարակային հայտարարել են, որ չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել:

Նշենք՝ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերի կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելը կարևորվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանի արձակումը հնարավոր դառնա օրենքի ուժով։

Այս պահին Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից հուշագիր ստորագրվել է միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որով նա համաձայնել է վարչապետի թեկնածու չառաջադրել և կողմ է հանդես եկել 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть