Онлайн

Հայաստանում ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել․ փաստաբանը իրողությունը բացառիկ է համարում

2018-10-16 19:35 , Право, 412

Հայաստանում ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել․ փաստաբանը իրողությունը բացառիկ է համարում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։

Նա Կարեն Օգանեսյանն է, ով 1996-ին, 22 տարեկանում, ցմահ ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում՝ երկու անձի սպանության համար։

ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո այս տարի 23-րդ տարին էր, որ նա անազատության մեջ էր։ Հայաստանյան օրենսդրության համաձայն՝ 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել: Սակայն Օգանեսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը իր պաշտպանյալի ազատ արձակումը հազվադեպ երևույթ է համարում՝ ընդգծելով, որ թեև մեր երկրում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավակարգավորումը առկա է, այդուհանդերձ, տարիներ շարունակ ցմահներն ազատ չեն արձակվել, կամ մեկ երկու նման մեկ դեպք արձանագրվել է, երբ ազատ արձակված անձի մոտ առկա է եղել կյանքին սպառնացող վտանգ։

«3 տարի առաջ դատարանի որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց, բայց չհասցրեց վայելել ազատության բերկրանքը, նույնիսկ իր բնակարան չհասցրեց գնալ, այլ մահացավ հենց հիվանդանոցում»,-փաստել է Օգանեսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը ներկայացնելով, իր պաշտպանյալի գործը՝ տեղեկացրել է, որ Կարեն Օգանեսյանը հանդիսացել է Հայաստանի քաղաքացի, 1990-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Փաստաբանի խոսքով՝ Օգանեսյանն աշխատելիս է եղել անվտանգության համակարգեր տեղադրող ընկերությունում, և իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում նրան թույլատրված է եղել օրինական զենք կրել՝ իր անձնական պաշտպանության համար: Ըստ դատավճռի՝ 1996 թվականի հունիսի 1-ի երեկոյան աշխատանքն ավատելուց հետո Օգանեսյանն ընկերոջ հետ մեքենայով գնացել է ընկերուհու տուն: Դեպքի վայրի տարածքում նա, ընկերը՝ Պիտեր Կրբաշյանն ու ընկերուհին` Վիկտորիա Մենդոզան, զրուցելիս են եղել, երբ նույն փողոցով դեպի ներքև գնացողբեռնատար մի մեքենա հանկարծակի շրջվել է և շարժվել իրենց ուղղությամբ: Մեքենան կայանվել է, այնտեղից դուրս է եկել վարորդը, ով, ինչպես հետագայում պարզվել է, եղել է Գվադելուպե Հերնանդեսը: Վերջինս բարձր գոռալով «սպիտակ ցանկապատ», ինչը լատինամերիկյան հանցավոր խմբավորման անվանում է, մոտեցել է երեք ընկերներին: Կարեն Օգանեսյանի ընկերը՝ Պիտեր Կրբաշյանը, ի պատասխան տվել է հայկական հանցավոր խմբի անվանումը՝ «Հայկական ուժ»: Այդ ժամանակ մեքենայից դուրս է եկել նաև բեռնատարի ուղևորը՝ Վիկտոր անունով, ով, ինչպես հետագայում պարզվել է, եղել է Գվադելուպե Հերնանդեսի հարազատ եղբայրը: Հանկարծակի Հերնանդես եղբայրների և Օգանեսյանի ընկերոջ միջև ծեծկռտուք է սկսվել, իսկ վայրկյաններ անց` մի կրակոց լսվել: «Օգանեսյանը շրջվել է, տեսել, որ ընկերն ընկած է, երեսին արյուն կա, և հասկանալով, որ ընկերոջ երեսին կրակել են, վազել է դեպի խումբը, հանել իր ատրճանակն ու կրակել Հերնանդես եղբայրների վրա՝ սպանելով նրանց երկուսին էլ»,-ասված է դատավճռում:


Лента

Рекомендуем посмотреть