SOS Ալավերդի նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվի բաց նամակը, որում, մասնավորապես, գրված է.
«Այսօր կամ վաղը մեր գործարանը կանգնած է փակման եզրին, որը միակ աշխատատեղն է մեր քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Մենք չենք ուզում, որ այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք մնա առանց օրվա հացի։ Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի հույսը մեր նորընտիր կառավարությունն է։ «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ, չգիտենք մեր հետագա ճակատագիրը։
Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը։ Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու և հարակից շրջանների բնակչության արտագաղթ։ Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ։ Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը։ Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի և ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ։
Պարոն վարչապետ, «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության կոլեկտիվը խնդրում է միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը։ Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտվել միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ»։
Հիշեցնենք, օրեր առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգիծը:
Ըստ ««Ժողովուրդ» օրաթերթի լուրերի՝ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Աղբյուրը գրում է, որ գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում, որն էլ առաջիկայում կտնօրինի Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Ավելի վաղ, նշենք, իր գործունեությունը դադարեցրել է «Թեղուտի» հանքավայրը, որը ևս մտնում էր «Վալլեքս» խմբի մեջ: