«Տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի»․ Փաշինյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի»․ Փաշինյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

2018-10-16 18:11 , Политика, 1369

«Տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի»․ Փաշինյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր և վաղը հանդիպելու է Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում ու հարակից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։

Նշենք, որ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ընտրական օրենսգրքում կատարված հիմնական փոփոխությունն առնչվում է Ազգային ժողովի ընտրությունների կարգին, ըստ որի խորհրդարանական ընտրությունն անցկացվելու է սովորական համամասնական ընտրակարգով՝ ֆիքսված ցուցակներով, այսինքն՝ ոչ ռեյտինգային, ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է։

Փոփոխություններով առաջարկվում է նաև իջեցնել կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը, մասնավորապես գործող 5 և 7 տոկոսների փոխարեն սահմանել 4 և 6 տոկոսի անցողիկ շեմ։ Նախատեսվում է նաև, որ անկախ անցողիկ շեմից, ԱԺ-ն պետք է ձևավորվի ներկայիս 3-ի փոխարեն նվազագույնը 4 քաղաքական ուժից։

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը: «Շատ կարևոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության, տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն՝ դարձյալ նախկինի նման յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում այդ քվեաթերթիկները հատուկ հաշվառման առարկա չեն լինելու, որովհետև այդ քվեաթերթիկները ծրարից դուրս և առանց համապատասխան դրոշմանիշի զրո արժեք ունեն: Այսինքն՝ քաղաքացիների համար քվեարկությունը նման է լինելու 2017 թվականի ընտրությանը, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում քաղաքացին պետք է քվեաթերթիկներից մեկն ընտրեր, շրջեր և նշան կատարեր, ապա հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կապույտ, կանաչ, սև գրիչների պատմությունը: Այսինքն՝ քաղաքացին ուղղակի քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները՝ ընտրական գրավի, տոկոսների մասով, պարզեցման ուղղությամբ են, և չկա որևէ բան, որ հատուկ դասընթաց պետք է կազմակերպվի, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը: Սա շատ կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

Օրինագծերի փաթեթը քննարկելու նպատակով կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս օրերին ԱԺ խմբակցությունների, պատգամավորների, շահագրգիռ բոլոր կողմերի հետ պետք է շարունակել օրինագծերի շուրջ ակտիվ քննարկումները. «Գիտեմ, որ եղել են հրապարակային մի քանի քննարկումներ, բայց այս մի քանի օրերն էլ օգտագործենք, որպեսզի այն հնարավորինս մանրամասն քննարկվի, և ցայտնոտային էֆեկտներ չլինեն»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть