Ի պատիվ Երևանում նախօրեին մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հոկտեմբերի 11-ի երեկոյան տրվել է պետական ընթրիք, որի ընթացքում մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրերը պարել են հայկական երաժշտության ներքո, մասնակից դարձել ՀՀ վարչապետի սելֆիներին։
Լուսնկարները և տեսանյութերը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակել են Նիկոլ Փաշինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան։
Նշենք, որ ՖՄԿ գագաթնաժողովն այսօր վերսկսել է աշխատանքները, որը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով: Գագաթաժողովի այսօրվա օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Այսօր մասնակիցների կողմից կսահմանվի Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովի վայրն ու ամսաթիվը: Տեղի կունենա նաև Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ընտրությունը, թեկնածուներն են՝ կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Երեկ, հիշեցնենք, ի թիվս բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք ելույթների՝ Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գագաթաժողովի ընթացքում գագաթնաժողովի նախագահության լիազորությունները Մադագասկարից փոխանցվեցին Հայաստանին: Օրվա կուլմինացիան Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Ֆրանկոֆոնիայի միջոցառումների գալա համերգն էր, որում ելույթ ունեցան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը, համերգի եզրափակիչ հատվածը նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Ներկա էին ՀՀ բարձրաստճան պաշտոնյաները, Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Երևան ժամանած երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ, 100-ավոր քաղաքացիներ։
Իսկ այսօր գագաթնաժողովի մասնակիցները Օրն ու ամբողջ գագաթաժողովը կամփոփեն եզրափակիչ մամուլի ասուլիսով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը