Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը․ ՀՀ օմբուդսմեն - RadioVan.fm

Онлайн

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը․ ՀՀ օմբուդսմեն

2018-10-09 17:23 , Право, 1538

Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը․ ՀՀ օմբուդսմեն

Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին․ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ուսումնասիրության արդյուքնում արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով այսօր հանդես է եկել հրապարակային դիրքորոշմամբ։

Պաշտպանը երկրում տիրող իրավիճակի ուսումնասիրության արդյունքները ամփոփել է 11 կետում․

1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին:

2. Ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգը ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն՝ հենվելով քաղաքացիների բարձր վստահության վրա: Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը:

3. Այս ամենով հանդերձ, երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով: Այս մոտեցումը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառվի արձանագրված ձեռքբերումներից ցանկացած հետնահանջ:

4. Թվարկված հիմնարար նպատակները պահանջում են, որպեսզի երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը:

5. Պետք է հարգել այլոց իրավունքներն ու ազատությունները, չպետք է թույլ տալ դրանց ոչ իրավաչափ որևէ միջամտություն: Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը. այն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

6. Երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը. այս բարձր արժեքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է: Սրա հետ էլ ուղղակիորեն կապվում է այլակարծության խթանումը. դա մեր երկրին հիմա հատկապես անհրաժեշտ է:

7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկումն արձանագրել է վերջին օրերի ընթացքում վիրավորանքի ու ատելության խոսքի զգալի աճ:

8. Դիտարկումը վկայում է, որ «որևէ կողմին», հատկապես՝ գործադիր իշխանությանն ուղղված քննադատություն, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես այլակարծություն պարունակող հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից արվում են վիրավորանք ու ատելության խոսք և նույնիսկ բռնության կոչեր պարունակող մեկնաբանություններ: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք հաճախ արվում են առանց այդ հրապարակումների բովանդակությանը ծանոթ լինելու՝ հիմնվելով վերնագրերի վրա կամ միայն հաշվի առնելով հրապարակման հեղինակի անձը: Ընդ որում, ագրեսիվությամբ են առանձնանում առերևույթ կեղծ օգտատերերի գրառումները, որոնց թիվը զգալիորեն ավելացել է: Վերջին օրերին արձանագրվել է նաև Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված այդպիսի մեկնաբանությունների շեշտակի աճ, ինչը մտահոգիչ է հասարակությունում ԱԺ պատգամավորի դերի ու հեղինակության տեսանկյունից:

Ակնհայտ է, որ այս իրավիճակը անհանդուրժողականությունը խորացնող գործոն է: Այն բացասական է ազդում հասարակությունում համերաշխության ապահովման վրա: Ուստի, ողջունելի են այն հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են վիրավորանքի ու ատելության խոսքի բացառմանը:

9. Ստեղծված իրավիճակում մեծ դեր ունեն նաև զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողները: Նրանց բոլորին խնդրում եմ, որպեսզի իրենց հրապարակումներից հեռացնեն վիրավորանք, ատելության խոսք կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից՝ դա արվել է առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Դա մեծապես կնպաստի հանդուրժողականության ու համերաշխության ապահովմանը:

10. Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Սա սկզբունքորեն է անթույլատրելի: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: Այն կարող է ունենալ խորը բացասական հետևանքներ, որոնց վերացումը կպահանջի երկարաժամկետ ջանքեր:

11. Պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների, իսկ մի շարք դեպքերում նաև իրավապաշտպանների կողմից: Սա նույնպես այն գործոններից է, որ խաթարում է համերաշխությունը և չի նպաստում պետության ամրությանը:

Ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի ու համերաշխության մթնոլորտում:

Лента

Рекомендуем посмотреть