Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել․ նա այլևս չի բնակվի կառավարական ամառանոցում - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել․ նա այլևս չի բնակվի կառավարական ամառանոցում

2018-10-05 19:42 , Общество, 1877

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել․ նա այլևս չի բնակվի կառավարական ամառանոցում

Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել: Այդ մասին «Aysor.am»-ի հարցին ի պատասխան՝ ասել է Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը՝ նշելով, որ գրասենյակը առավել ևս որևէ բազմամիլիոնանոց առանձնատուն չի պահանջել:

Սարգսյանի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ իրենք վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էին, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: «Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին»,-ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը կառավարության առաջարկած առանձնատներից հրաժարվել է՝ մատնանշելով անվտանգության հետ կապված խնդիրներ։ Աղաջանյանը նշել էր, որ իրենք կընտրեն որևէ ամենահարմար և ամենաադեկվատ տարբերակ, նախորդ նախագահներին տրամադրված գույքի համամատ, դա կառաջարկեն, որն էլ կլինի իրենց վերջնական առաջարկը` անկախ այն բանից՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյանը կառարկի, թե ոչ»:

Ստացվում է՝ նոր կառավարությունն ու Սերժ Սարգսյանը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ այս հարցում: Արդյունքում, Սարգսյանը շարունակում է բնակվել կառավարական ամառանոցներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ: Թեև Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը միաժամանակ տեղեկացրել է, որ «նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն»։

Лента

Рекомендуем посмотреть