Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը. Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը. Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

2018-10-05 15:28 , Общество, 1638

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը. Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել

Այսօր Ուսուցչի տոնն է, որը նշվում է Հայաստանում ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ։

Տոնի առթիվ ուղերձներ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նախագահի Սարգսյանի ուղերձում ասված է․

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:

Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:

Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա այն Ուսուցիչը, ով կարող է հետաքրքրություն առաջացնել աշակերտի մեջ, ով կարող է օգնել նրան՝ ճանաչելու աշխարհը:

Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ եւ մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու եւ գործելու, առաջնորդ՝ աշխատելու եւ պայքարելու, եւ իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:

Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաեւ գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ:

Սիրելի՛ մանկավարժներ,

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:

Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ:

Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ:

Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

«Սիրելի ուսուցիչներ,

հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի եւ մեծ վաստակի առջեւ ու մաղթում ամենայն բարիք:

Միաժամանակ, շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում Սփյուռքի բոլոր մանկավարժներին, ովքեր, ապրելով Հայաստանից հեռու, դարձել են հայապահպանության յուրօրինակ առաքյալները:

Այս օրը բոլորիս տոնն է, եւ յուրաքանչյուրս մի պահ վերհիշում ենք մեր դպրոցական տարիները, մե՛րթ խստապահանջ, մե՛րթ նրբանկատ մեր ուսուցիչներին, ովքեր մեզ ոչ միայն հարուստ գիտելիքներ հաղորդեցին, այլեւ օգնեցին ձեւ ու բովանդակություն հաղորդել մեր մտքերին ու ձգտումներին, օգնեցին, որ կյանքում ամեն մեկս գտնի իր ճանապարհը եւ դառնա երկրի լիարժեք քաղաքացի:

Սիրելի՛ ուսուցիչներ,

դուք եք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում մեր պետության վաղվա օրը: Մեծապես ձեր աշխատանքով է պայմանավորված, թե ինչ աշխարհընկալում կունենա եւ ինչ արժեհամակարգ կդավանի վաղը մեծ կյանք ոտք դնող սերունդը: Եւ դրան են միտված այսօր Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնց նպատակն է ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխանող, ու կրթության բարձր որակ ապահովելով` աշխարհում Հայաստանն ավելի մրցունակ դարձնող, մարդկային հիմնարար արժեքների վրա հիմնված ազատ ու ժողովրդավարական հասարակություն ձեւավորող կրթական համակարգ: Վստահ եմ, որ հաջողությամբ կլուծենք նաեւ այս կարեւորագույն խնդիրը, ինչն ավելի առարկայական կդարձնի ձեր նվիրված աշխատանքի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր աշխատողներին Ուսուցչի օրվա առթիվ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ասպարեզում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

Лента

Рекомендуем посмотреть