Ազնավուրի հուղարկավորության կապակցությամբ վաղը Հայաստանում և Արցախում կխոնարհվեն պետական դրոշները - RadioVan.fm

Онлайн

Ազնավուրի հուղարկավորության կապակցությամբ վաղը Հայաստանում և Արցախում կխոնարհվեն պետական դրոշները

2018-10-05 14:27 , Общество, 1126

Ազնավուրի հուղարկավորության կապակցությամբ վաղը Հայաստանում և Արցախում կխոնարհվեն պետական դրոշները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ վաղը՝ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հուղարկավորության օրը, հայտարարվել է սգո օր։

Որոշմամբ հանձնարարվել է նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով վաղը սգո օր է հայտարարված նաև Արցախում։

Այսօր Ֆրանսիան՝ պատվո միջոցառմամբ վերջին հրաժեշտն է տալիս լեգենդար Ազնավուրին։ Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տանը ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյեի՝ «Դլե Յաման»-ի հնչյունների ներքո մեկնարկել է «Ազգային հարգանքի տուրք»-ի արարողությունը։

Ազնավուրը կլինի ֆրանսիացի առաջին երգիչը, ում այս` «Ազգային հարգանքի տուրք»-ի արարողակարգով, որին, սովորաբար, արժանանում են ռազմական գործիչները, կճանապարհեն դեպի երկնային արքայություն։

Նշենք, որ Ֆրանսիայի Հաշմանդամների տանն են գտնվում Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Լեգենդար երգիչ 94-ամյա Շարլ Ազնավուրը հոգին ավանդեց հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում գտնվող իր տանը։ Շանսոնյեի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 13.00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 15.00-ին), Փարիզից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի քաղաքում։ Le Parisien-հաղորդմամբ՝ Ազնավուրը կհուղարկավորվի այդ փոքր քաղաքի XVI-րդ դարի պատմական հուշարձան համարվող գերեզմանատանը, որտեղ թաղված են նաև նրա ծնողները և որդին՝ Պատրիկը, որը մահացել է 25 տարեկանում՝ թմրանյութերի գերդոզավորումից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть