«Ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»․ կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային սահմանել - RadioVan.fm

Онлайн

«Ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»․ կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային սահմանել

2018-10-04 14:43 , Общество, 1848

«Ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»․ կառավարությունն առաջարկում է հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային սահմանել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի օրակարգային երեք տասնյակից ավելի հարցերի շրջանակում քննարկել է նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է աշխատանքային օրերը տեղափոխել ոչ միայն բացառապես Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի կապակցությամբ, այլ նաև՝ չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, քանի որ «վերջիններիս անվտանգությունը և պատշաճ տեղաշարժը կազմակերպելու նպատակով սովորաբարկարիք է լինում փակել գլխավոր փողոցներ, ինչի արդյունքում առաջանում են անհարմարություններ քաղաքացիների համար, քանի որ երթևեկությունը դառնում է ծանր՝ շատ հաճախ ուղեկցվելով խցանումներով»։

«Չորս և ավելի պետություների ղեկավարների միաժամանակյա այցի մասին» ձևակերպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չգոհացրեց։ Նա ընդգծեց, թե «հնարավոր է չորս և ավելի երկրների ղեկավարներ գան և այդպիսի անհրաժեշտություն չառաջանա, մանավանդ, մենք անդամ ենք կազմակերպությունների, որտեղ հինգ կամ վեց անդամ կան և նրանց ղեկավարները եկել են և նման խնդիր չի առաջացել»։ Վարչապետը առաջարկեց՝ նշել «բացառիկությամբ պայմանավորված» արտահայտությունը:

Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-ը և 12-ը, ոչ աշխատանքային սահմանելու հետ:

Այստեղ էլ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց․ «Ինձ անհանգստացնում է, որ սա տոների և հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»։

Վարչապետն արձագանքեց՝ «Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն»։

Չնայած մտահոգություն-առաջարկներին՝ ՀՀ գործադիրը որոշում կայացրեց Ազգային ժողովին առաջարկել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 5-ին, արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցը։

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր: Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար 500 հոգի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть