Երեկվա հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

Երեկվա հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

2018-10-03 14:35 , Общество, 1214

Երեկվա հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

Հանրահավաքի ընթացքում` հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` Նաիրի ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա (սրտի ռիթմի գործիքային վերականգնում):

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե ՀՀԿ-ն արտահերթ նիստ է անում ու քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Դեմիրճյան փողոցում և Բաղրամյան պողոտայում՝ բողոքի խաղաղ, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ տեղի ունեցող ցույցի։

Նշենք՝ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ժամը 19:40-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որում պատգամավորները 67 կողմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քանի որ քարտերը հավաքված են եղել և էլեկտրոնային համակարգը չի աշխատել, պատգամավորները քվեարկել են ձեռքով, քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից:

Ընդունված նախագիծը Փաշինյանի և նրա աջակիցների համոզմամբ՝ կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Վարչապետը, նախագածին կողմ քվեարկողներին բնորոշելով որպես հակահեղափոխականներ, հանրահավաքի հարթակից հայտարարեց ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին աշխատանքից ազատելու մասին։

Վարչապետի առաջարկի համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրեց նշյալ կուսակցությունների ներկայացուցիչ թվով 6 նախարարներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրերը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть