Նախագահ Սարգսյանը հորդորում է զուսպ լինել - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը հորդորում է զուսպ լինել

2018-10-03 12:29 , Политика, 1255

Նախագահ Սարգսյանը հորդորում է զուսպ լինել

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տարածած հաղորդագրությունում միաժամանակ նշվում է, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:

«Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով:

Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին»,-ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ժամը 19:40-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որում պատգամավորները 67 կողմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քանի որ քարտերը հավաքված են եղել և էլեկտրոնային համակարգը չի աշխատել, պատգամավորները քվեարկել են ձեռքով, քվեարկության հաշվարկն իրականացվել է ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի կողմից:

Ուշ երեկոյան վարչապետի կոչով քաղաքացիները Բաղրամյան պողոտայում, այնուհետ՝ Ազգային ժողովի շենքի բակում էին՝ մասնակցելու հրավիրված խաղաղ հանրահավաքին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Փաշինյանի ու նրա աջակիցների համոզմամբ՝ ընդունված նախագիծը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։

Նախագծին կողմ քվեարկածներին Փաշինյանը հակահեղափոխականներ որակեց՝ հենց հանրահավաքի հարթակից հայտարարելով, որ այդ պահից աշխատանքից ազատվում են «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները։

Վարչապետի առաջարկի համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրեց նշյալ կուսակցությունների ներկայացուցիչ թվով 6 նախարարներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրերը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть