Բարի ճանապարհ քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա․ Վարդան Պետրոսյան - RadioVan.fm

Онлайн

Բարի ճանապարհ քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա․ Վարդան Պետրոսյան

2018-10-02 15:44 , Культура, Шоу бизнес, 1433

Բարի ճանապարհ քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա․ Վարդան Պետրոսյան

Ֆրանսաբնակ դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․

«...Որբացանք... բոլորս որբացանք... Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց... Ահավոր դատարկություն է հոգումս... ճմլող դատարկություն... Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ...Այդքան ներկա...իմ սիրելի, պաշտելի Հայր...

Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով քնից վեր թռա, եթե դա կարելի էր քուն անվանել, մահվան զգացումով... Ամբողջ մարմինս սառել էր ու փայտացել...Կամքի գերմարդկային ճիգերով փորձեցի ոտք ու ձեռքս շարժել... մինչև մահվան սառսուռն անցավ... Հետո տեսա, որ քեզ հետ միասին Արարատն ենք բարձրանում ՝ ձյուների մեջ... նորից արթնացա... արդեն կենդանի... Անգամ մահվան պահին եկար, թեկուզ ՝ երազում...

Ջահել էի, սիրահարված՝ քո երգերն էի լսում, աղջիկ էի ուզում հմայել՝ քո երգերն էի երգում, ներկայացումներումս քեզ էի նմանակում...Քո միջոցով, կարծես, խոսում էի մարդկանց հետ... Հրճվում էի, երբ որևէ առիթով քեզ էին նմանեցնում...Կյանքային ամենաբարդ իրավիճակներում մտածում էի՝ դու՞ ինչպես կանեիր...ու փորձում էի անել այդպես...

Ռոբեր Օսեյնի ներկայացումներից մեկին դու ներկա էիր դահլիճում. ներկայացումը չէինք կարողանում սկսել... Չորս հինգ րոպե, չորս հազար տեղանոց լեփլեցուն սրահը հոտնկայս ծափահարում էր քեզ...Դերասանուհիներն այդ օրը հուզմունքից տեքստերն էին մոռանում... դու ՝ արդեն ութսուն տարեկան...

Մի օր էլ եկար մեր տուն Սեդայի հետ... Կալանքիցս հետո վերսկսում էի... առաջին հյուրախաղերս էին առջևում... Եկար, կարծես, մեծիդ օրհնությունը տալու... Նայում էի, հավատս չէր գալիս... այնքա՜ն իրական էր ու այնքա՜ն անիրական... Նստած էիր սեղանի մոտ, իսկը՝ հարազատ մեծ քեռիս, խոսում, պատմում էինք իրար տնեցիներից...Ժամեր շարունակ... Մինչ օրս դեռ հավատս չի գալիս...

...Հիմա էլ հավատս չի գալիս... Ախր, մինչև հարյուր տարեկան պիտի երգեիր, մինչև հարյուր քսան տարի պիտի ապրեիր...Այդպես էիր որոշել... ու ես անվերապահ հավատում էի դրան...

Բայց Աստծո որոշումն այլ էր...ախր, այնտեղ էլ քո կարիքն ունեն... քո հրաշք երգերի... մենք էլ եսասիրաբար ուզում էինք, որ դեռ շատ ապրեիր, որ քեզնով հպարտանանք աշխարհով մեկ...

Բարի ճանապարհ, քեզ, իմ պաշտելի կուռք... փոքրիկ հսկա... մեծ հայ... Հիմա, գիտեմ՝ արդեն քեզ հրեշտակներն են վայելում... Սիրո հրեշտակները...»։

94-ամյա աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Лента

Рекомендуем посмотреть