Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև սեպտեմբերի 28-ին ձեռք բերված պայմանավորվածությունից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա:
Հիշեցնենք՝ Փաշինյանն ու Ալիևը օրեր առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան-Ադրբեջան սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ, մասմավորապես, երկուստեք պայմանավորվել են երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար:
Մինչդեռ, ինչպես հայտնում է «Haqqin.az»-ը, Ալիևը հանձնարարել է ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել ևհատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար: