ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են

2018-09-28 23:36 , Медицина, здоровье, 1844

ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում. միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ ընթացիկ տարում գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։

Առողջապահական գերատեսրությունը ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը համարում է մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումը՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց առողջապահության նախարարությունը հորդորում է մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման համար իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:

Նշվում է, որ մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտման մեթոդը, նմուշառումը՝ մատից։ Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում:

«Թեև աշխարհում 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, ներկայում էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից»,-ընդգծում են առողջապահության նախարարությունից։

Մալարիայի առումով անապահով երկրներ

Ասիական երկրներից մալարիայի առումով տեղաճարակային (էնդեմիկ) են համարվում Սաուդյան Արաբիան, Օմանը, Յեմենը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Մյանման, Լաոսը, Թաիլանդը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Պապուա Նոր Գվինեան, Մալազիան, Հյուսիսային և Հարավային Կորեաները։

Ամերիկյան մայրցամաքում մալարիայի առումով էնդեմիկ են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներից՝ Բրազիլիան, Բոլիվիան, Սուրինամը, Գայանան, Վենեսուելան, Կոլումբիան, Պանաման, Հոնդուրասը, Մեքսիկան, Գվատեմալան, Հայիթին և Դոմինիկական հանրապետությունը։

Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մալարիայի էնդեմիկ երկրներն են Անգոլա, Բենին, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կամերուն, Կաբո-Վերդե, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Չադ, Կոմորոս, Կոտ Դիվուարը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Եթովպիա, Գաբոն, Գամբիա, Գանա, Գվինեա Բիսաու, Քենիա, Լիբերիա, Մադագասկար, Մալավի, Մալի, Մավրիտանիա, Մավրիկիոս, Մոզամբիկ, Նիգեր, Նիգերիա, Կոտ Դիվուար, Ռուանդա, Սան Տոմե և Պրինսիպի, Սենեգալ, Սեյշելներ, Սիեռա-Լեոնե, Սոմալի, Սուդան, Տոգո, Ուգանդա, Տանզանիայի Միացյալ Հանրապետություն, Զամբիա, Հարավային Աֆրիկայի երկրներից՝ Զիմբաբվե, Բոտսվանա, Լեսոտո, Նամիբիա, Սուրբ Ելենայի կղզի, Հարավային Աֆրիկա և Սվազիլենդ ժամանած անձինք:

Մալարիան Անոֆելես ցեղի մոծակի խայթելու միջոցով փոխանցվող տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություն է: Մալարիային բնորոշ է հիվանդության սուր սկիզբը` հանկարծակի սկսվող սարսուռ, ջերմաստիճանի արագ բարձրացում մինչև 39-40˚, տենդ` հաջորդող առատ քրտնարտադրությամբ: Տարբեր են նաև հիվանդության գաղտնի շրջանների տևողությունները: Վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Лента

Рекомендуем посмотреть