Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր»-ը - RadioVan.fm

Онлайн

Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր»-ը

2018-09-28 16:49 , Общество, 1794

Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր»-ը

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երևանում կբացվի ֆրանսիական «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասելով այդ մասին՝ հույս է հայտնել, որ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կավելանան:

«Ֆրանսիական ներդրողներն իրենց հետ բերում են ոչ միայն ներդրումներ, այլև հմտություն, էթիկա, հասարակական պատասխանատվություն: Հույս ունենք, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական և դիվանագիտական իրողությունների շնորհիվ ներդրումները կավելանան»,-ասել է նա:

Երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը տեղակայված է լինելու Տիգրան Մեծ փողոցում՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:

Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երևանում պաշտոնապես բացվեց 2015թ. մարտի 11-ին։ Այն գտնվեում է «Երևան Մոլ»-ում։

Նշենք, որ «Ապրել միասին» կարգախոսի ներքո Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովն ու հարակից միջոցառումները Հայաստանում կանցկացվեն հոկտեմբերի 7-12-ը։ Գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է 120 մլն դրամ։ Այդ օրերին Հայաստանը կհյուրընկալի 8 տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչների, այդ թվում մոտ 30 երկրի առաջնորդների, ովքեր համատեղ հռչակագիր կընդունեն։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում մի շարք ֆրանսիական կազմակերպությունների մասնակցությամբ բիզնես համաժողով կանցկացվի։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում է լինելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին:

Лента

Рекомендуем посмотреть