Պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքները ավարտված են։ Այդ մասին ազդարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, այդ առիթով ՊԲ արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի պահպանության տեղամասերից մեկում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։
«Առաջնագծում մշտական ջրի առկայությունը էական ազդեցություն կունենա մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացման վրա, կնպաստի անձնակազմի կենցաղային կարիքները հոգալուն, ինչպես նաև հնարավորություն կտա պլանավորել ու իրականացնել ավելի մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ»,-վստահություն են հայտնում պաշտպանության բանակից։
Նշվում է, որ առաջնագիծը մշտական ջրով ապահովելու նախաձեռնությունը իրականություն է դարձել ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում:
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, Ժակ Մաթոսյանը պարգևատրվել է ‹‹Վաչագան Բարեպաշտ›› մեդալով: Բարձր պարգևը անմիջապես առաջնագծում հասցեատիրոջն է հանձնել բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: