«Մեծ հիասթափությամբ տեղեկացա»․ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը զրկվել է ՀՀ դիվանագիտական անձնագրից - RadioVan.fm

Онлайн

«Մեծ հիասթափությամբ տեղեկացա»․ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը զրկվել է ՀՀ դիվանագիտական անձնագրից

2018-09-26 17:40 , Политика, 1479

«Մեծ հիասթափությամբ տեղեկացա»․ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը զրկվել է ՀՀ դիվանագիտական անձնագրից

«Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել»,-այդ մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գերատեսչության խոսնակ Տիգրան Բալայանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե տեղեկություն կա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը՝ Բալայանը նշել է, որ անուններ հրապարակել չի կարող։

«Սա պաշտպանված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին»ՀՀ օրենքով: Ես չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել: Այս պահի դրությամբ 100-ից ավելի դիվանագիտական անձնագրեր վերադարձվել են, 254-ը՝ չեղարկվել»,-ասել է ԱԳՆ խոսնակը։

Նշենք՝ այսօր Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրերին՝ նշել է, թե մեծ հիասթափություն է ապրում, քանի որ «Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը, նախաձեռնողը և «լոբբիստը»» ինքն է եղել:

«Պատճառն էլ, ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:

Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ, Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և անցնելով տևական գործընթաց այդ երկրների վիզա ստանար (ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են Մեծ Բրիտանիան, ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:

Իմ պատկերացմամբ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ու շատ ավելի դրականորեն ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու ինձ նման պաշտոնյաներ միասին վերցրած»,-մանրամասնել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել էր դիվանագիտական անձնագիր ունեցող նախկին պաշտոնյաներին՝ հորդորելով դրանք հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть