Ռուսաստանի կողմից տրամադրված հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող «ԻԼ-76» ինքնաթիռը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում իրականացնում է հրդեհաշիջող 3-րդ թռիչքը:
Առավոտյան 08:50-ին, նշենք, «ԻԼ-76»-ն իրականացրել է առաջին թռիչքը: 12:40-ի սահմաններում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո այն 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր:
Նախնական պլանավորմամբ նախատեսված է 2 թռիչք և 2 ջրալցում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
Աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը համարվող «ԻԼ-76»-ը, որը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով, մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։