«Դու անկախ ես»․ Հայաստանը տոնում է Անկախության օրը - RadioVan.fm

Онлайн

«Դու անկախ ես»․ Հայաստանը տոնում է Անկախության օրը

2018-09-21 13:52 , Общество, 1286

«Դու անկախ ես»․ Հայաստանը տոնում է Անկախության օրը

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»․ ի պատասխան այս հարցի՝ 27 տարի առաջ այս օրը կայացած հանրաքվեում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն ասաց «Այո»։

Այդպիսով՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին դրվեց անկախ պետականության սկիզբը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության։ Սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Անկախության 27-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներն այսօր անցկացվում են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, որով կազմակերպիչները ուզում են ընդգծել այն պատասխանատվությունը, որը պետք է կրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Տոնական միջոցառումների հիմնական կիզակետը կլինի Երևանի Հանրապետության հրապարակը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը երեքշաբթի օրը Հանրապետության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ նշել էր, որ միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է «աննախադեպ և տարբերվող՝ իր սփռվածությամբ և ապակենտրոնացվածությամբ»։

«Այս անգամ արտոնյալ երգիչներ չեն լինի,մոտեցումը բոլորովին այլ է, ու կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ դեմքեր, ովքեր անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենան ՀՀ քաղաքացիների համար։ Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաև ընդունելություն, այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում (նախկին իշխանությունների օրոք այն անցկացվում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում-խմբ․)։ Այնտեղ ևս քաղաքացիներին սպասվում է հաճելի անակնկալ»,-մանրամասնել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Անկախության տոնին նվիրված միջոցառումների ցանկում այս տարի ընդգրկված կլինի «Սելֆիի ժամ» խորագիրը կրող միջոցառումը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ՝ ժամը 14:00-ից մեկ ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել և լուսանկարվել հայտնի գործիչների հետ, կազմակերպիչներն ի դեպ հրավեր են ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին՝ մասնակցելու «Սելֆիի ժամ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառմանը։

Ինչ վերաբերում է միջոցառումների ֆինանսական մասին, ապա Էդուարդ Աղաջանյանի վստահեցմամբ այն չի գերազանցել 100 մլն դրամի շեմը:

Եվ, ի գիտություն վարորդների՝ այսօր 10։00-ից սկսած՝ Անկախության տոնի միջոցառումներով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները փակ են լինելու։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть