Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությում մեկ ձայնի կարևորությունը ընդգծելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաձգել է ԱՄՆ նախատեսված այցը։
«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ուդրանից հետո մեկնեմ Նյու Յորք:Ես նկատի ունեմ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,-այդ մասին նախօրեին ուշ երեկոյան Արցախից Հայաստան վերադառնալիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով երևանցիներին այդ օրը գնալ ընտրատեղամասեր, մասնակցել ավագանու ընտրությանը, գիտակցել մեկ ձայնի կարևորությունը։
«Դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,-ընդգծեց նա։
Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգմանն անդրադարձել է գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները: Ափսոս, որ Թրամփի հետ պաշոտնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում...»։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ մտադրություն կա կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այդուհանդերձ, չնշելով, թե ձեռք բերվել է վերջնական պայմանավորվածություն: